AM | RU
USD
EUR
RUB

Ջավախքյան զարգացումներ. ներկայացնում է Վահե Սարգսյանը

 

«Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Վահե Սարգսյանը հերթական ծավալուն անդրադարձն է կատարել Ջավախքի խնդիրներին: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Օրերս Ախալքալաքի շրջանային ժողովը միաձայն քվեարկությամբ ընդունեց որոշում՝ պաշտոնապես դիմել երկրի խորհրդարան «ՏԵՂԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՆ» (Ստրասբուրգ, 05.11.1992) վավերացնելու պահանջով: Ախալքալաքի օրենսդիր մարմնի երկար սպասված և միանգամայն ողջունելի այս քայլն իրապես շրջադարձային նշանակություն կարող է ունենալ և ջավախահայության կյանքում, և Վրաստանի ժողովրդավարացման ճանապարհին:

Գործընթացին առավել լայն թափ հաղորդելու և խորհրդարանի կողմից այն շուտափույթ ընդունելու համար հարկ է, որ Ախալքալաքի ժողովի այս քայլին հետևեն նաև Սամցխե-Ջավախք-Ծալկայի բոլոր շրջանների ժողովները: Ինչևէ: Սկիզբը խոստումնալից է, մանավանդ, որ Վրաստանի իշխող քաղաքական ուժի՝ Ախալքալաքի ժողովում ներկայացված անդամների այս նախաձեռնությանը միացել են նաև մնացյալ բոլոր, այդ թվում՝ ընդիմադիր պատգամավորները: Իրականում այս գործընթացի սկիզբն այնքան էլ նոր չէ և ունի շուրջ 25-ամյա պատմություն: Ելնելով սկսյալ գործընթացի հույժ կարևորությունից, հարկ ենք համարում հանրության առավել լայն շերտերին հասու դարձնել Ջավախքի տարածաշրջանում հայերենին կարգավիճակի շնորհման ողջ պատմությունը: Սրանով մենք կօգնենք բոլորին՝ տեղեկանալու նախորդ գործընթացների մանրամասներին, դրանով նաև սրբագրել այն բոլոր էական ու ճակատագրական բացթողումները, որոնք հանդիսացել են այս ոլորտում առկա ձախողումների պատճառ:

Եվ այսպես՝ Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջան. ինչու՞ գոյություն չունի հայոց լեզուն' որպես տարածաշրջանում երկրորդ պետական լեզու (հոդվածի առավել ծավալուն և գիտական տարբերակին հնարավոր է ծանոթանալ մեր կողմից 2009 թ. հրատարակված «Ջավախքը 1988-2008 թթ.» գրքում):

Ներկայումս Վրաստանի կազմում գտնվող Սամցխե-Ջավախք-Ծալկա (այսուհետ' Ջավախք) հայկական տարածաշրջանում առկա հիմնախնդիրների մեծ մասը բխում են այն իրողությունից, որ մինչ օրս այս տարածաշրջանը պետական լեզվի' վրացերենի կողքին չի կարողանում իր մայրենի հայոց լեզուն գործածել որպես երկրորդ պաշտոնական լեզու: Քաղաքական այս խնդրի լուծված չլինելը տարածաշրջանի բնակչության համար մշտապես հանդիսացել է գործազրկության և այստեղից բխող' արտագաղթի, երկրի հասարակական-քաղաքական կյանքից մեկուսացված լինելու, ուսանողության շրջանում' սեփական հայրենիքում աշխատանք գտնելու հույսի կորստի, սեփական' հայկական մշակույթից ու ազգային ինքնությունից հետզհետե հեռացման և բազմապիսի այլ չարիքների աղբյուր: Վրաստանը դեռ 1990-ական թվականներից' Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ինքնորոշումից և դրան հաջորդող' փաստացի և իրավական անկախության ձեռքբերումներից սարսափահար, լսել անգամ չի ուզում հայերի և ադրբեջանցիների շրջանում որոշակի ազգային “արտոնությունների” մասին, ինչպիսին օրինակ, լեզվի կարգավիճակի տրամադրման հարցն է: Վրաստանն այս քայլով կանխում է նաև իր կազմում ներառված բազմաթիվ ենթաէթնոսների (մեգրելներ, սվաններ և այլն)' այս հողի վրա հնարավոր զարթոնքները:

Ջավախքի տարածաշրջանում, որպես հայապատկան տարածաշրջան, առավել սուր հետևանքներ են թողել վրացական մշակույթի ու լեզվի արհեստական տարածման տարբեր դրսևորումները: Ջավախքից այս ամենին «արձագանքել են» դեռ 1980-ական թվականներից. այսպես, 31.07.1989 թվագրմամբ Ախալքալաք քաղաքից և համանուն շրջանի գյուղերից բնակչությունը դիմում-պահանջագիր է հղել նույն շրջանի շրջկոմի քարտուղար Մ. Ֆիդանյանին (դիմումին հետևում է շուրջ 216 ստորագրություն), որի մեջ, ի շարս այլոց, նշվում է. «…պահանջում ենք մեր ներքոհիշյալ պահանջները ներկայացնել վրացական կառավարությանը. …Բ) օրինականացնել և այս ուս. տարում մտցնել հայ ժողովրդի պատմության ուսուցումը հայկական դպրոցներում»:

Այս ընթացքում Ջավախքում ծնունդ առած «Ջավախք» կոմիտե, Ախալքալաքի «Վերակառուցման ժողովրդական շարժում», «Ջավախք» ժողովրդական շարժում անուններով կազմակերպությունը, որը հետագայում (մինչև 1990-ական թթ. կեսերը) էական դերակատարություն էր ունենալու տարածաշրջանի քաղաքական կյանքում, իր ծրագրերում և որդեգրած մարտավարության մեջ տեղ էր հատկացրել ազգային ինքնության պահպանման խնդրին, որի մեջ գլխավոր տեղը հատկացված էր հայոց լեզվի կարգավիճակի և հայոց պատմության ուսուցման խնդիրներին:
Ախալքալաքի «Վերակառուցման Ժողովրդական Շարժում» ընկերության Կանոնադրության «Ընկերության նպատակներն ու խնդիրները» գլխի Ա կետում նշվում է. «Բարձրացնել շրջանի բնակչության մշակութային մակարդակը, մասսայականացնել մեր երկրի ժողովուրդների և համաշխարհային մշակույթների նվաճումները, առանձնապես ուշադրություն դարձնելով հայոց լեզվի և հայ մշակույթի պրոպոգանդմանը' որպես մեծամասնություն կազմող ժողովրդի լեզվի և մշակույթի…»:

1990թ. հունվարի 27-ին, առաջին կոնֆերանսի ժամանակ «Ախալքալաքի «Վերակառուցման ժողովրդական շարժում» ընկերությունը», վերափոխվելով «Ջավախք» ժողովրդական շարժման, իր նոր ընդունած ծրագրում նշում է հետևյալը. «Մեր շարժումն աստիճանաբար ավելի միասնական է դառնում, հոգեպես, բարոյապես և գաղափարապես հասունանում և ամրապնդվում է պայքարում, որի հիմնական նպատակն է Ախալքալաքի սարահարթում ընդմիշտ պահել ու պահպանել ազգային գիրն ու լեզուն, երաժշտությունն ու արվեստը, գրականությունն ու կենցաղային սովորույթները, նպաստել շրջանի տնտեսական, սոցիալական, մշակութային ու կենցաղային զարգացմանը… …Մեր ժողովրդի գոյատևման ու հոգևոր զարգացման երաշխիքը եղել և մնում է հայոց լեզուն: Առանց մայրենի լեզվի հայ ազգը դատապարտված է»:

«Ջավախք» ժողովրդական շարժման առաջին կոնֆերանսում ընդունվեցին մի շարք բանաձևեր, որոնցից խնդրո առարկա թեմային են առնչվում հետևյալները. «Կազմակերպությունը կարևորագույն համազգային հարց է համարում ազգային դպրոցներում հարազատ ժողովրդի պատմությունը սովորելը: Այս առումով պետք է անբավարար համարել պայքարը, որը ծավալվել էր շրջանում և հայկական դպրոցների ուսումնական պլանում հայ ժողովրդի պատմության դասընթաց մտցնելու և համապատասխան ուսումնական ձեռնարկներ հայթայթելու համար: Այդ պայքարը հարկավոր է շարունակել ու հասցնել ցանկալի արդյունքի»:

«Ջավախք» ժողովրդական շարժմանը կից ստեղծված տարբեր հանձնաժողովներից' մշակույթի պահպանման, ֆիզկուլտուրայի և սպորտի հանձնաժողովը ևս ուներ բավականին հետաքրքրական ծրագրեր. «…Շրջանի կուսակցական ու խորհրդային մարմինների միջոցով հասնել այն բանին, որ հայկական դպրոցների համար ընդունված ուսումնական պլանում Վր. ԽՍՀ ժողկրթմինիստրությունը նախատեսնի հայ ժողովրդի պատմության համար դասագրքեր, և ոչ թե (դասապրոցեսն ընթանա միայն' Վ.Ս.) Վրաստանի ժողկրթմինիստրության դասագրքերով»:

«Ջավախք» ժողովրդական շարժման առաջին կոնֆերանսից (1990թ. հունվարի 27) շուրջ կես տարի անց' 1990թ. հուլիսին, Ջավախքում (ք. Ախալքալաքում) ստեղծվեց Վրաստանում գործող հայկական հասարակական ու բարեգործական միությունների ու կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդ, որի մեջ մտան շուրջ երկու տասնյակ կազմակերպություններ: Նորաստեղծ կազմակերպության նպատակներից էր, ի շարս այլոց, «… - հասնել Վրաստանում գործող հայ դպրոցը, հայ ազգաբնակչության հոգևոր մշակութային կյանքը ինքնուրույնաբար տնօրինելու սահմանադրական իրավունքի…»:

1991թ. Վրաստանի անկախության հռչակումից, անմիջապես հետո Ջավախք տարածաշրջանի բնակչության թիվ մեկ խնդիրներից էր նորանկախ Վրաստանի իշխանությունների կողմից գործադրվող լեզվի մասին օրենքից ձերբազատվելը, որով հասարակական բոլոր ոլորտներում պարտադրվում էր վրացերենի գործածումը: Այդ օրենքի 13-րդ հոդվածում, օրինակ, նշվում էր, որ դատավարությունը պետք է լինի վրացերեն լեզվով: Տարածաշրջանի բնակչությունը բազմիցս դիմում-բողոքներ հղեց այս «ապօրինի» օրենքի դեմ' պատճառաբանելով, որ բնակչության գերակշիռ մեծամասնությունը չի տիրապետում վրացերեն լեզվին: Բողոքների մեջ պահանջվում էր նաև, որպեսզի դպրոցական ծրագրի մեջ մտցնեն հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները: Վրաստանի Գերագույն Խորհուրդը տարածաշրջանի հայ բնակչության այս բոլոր հայցադիմումները բավարարեց «մասնակիորեն». 1991թ. հուլիսի 25-ին Վրաստանի Գերագույն Խորհրդի որոշումով «պարզաբանում» մտցվեց Վրաստանի Սահմանադրության 75-րդ հոդվածի կետերի վերաբերյալ: Որոշումով «բացատրվում էր». «…Վրաստանի Սահմանադրության 74-րդ հոդվածով Վրաստանի ողջ տարածքում պետական լեզուն վրացերենն է: Ըստ այդմ, պետական, հասարակական օրգաններում, կրթական, մշակութային և լուսավորչական այլ կազմակերպություններում որպես պետական լեզու օգտագործվում է վրացերենը: Միաժամանակ, 75-րդ հոդվածի 3-րդ կետով վերոնշյալ կազմակերպությունները ազատորեն կարող են օգտագործել այն լեզուները, որն օգտագործում է տեղի բնակչությունը: Սահմանադրության այս կետի հիման վրա պետական և հասարակական կազմակերպություններում, կուլտուր-լուսավորական և այլ տեղերում վրաց լեզվի շարքում կարող են օգտագործվել նաև ռուսերեն և հայերեն լեզուները” (См – Постановление Верховного совета республики Грузия, 25 июля, 1991г., г. Тбилиси.):

1990-ական թթ. Ջավախք տարածաշրջանում զգալիորեն թուլացած և գրեթե իր գոյության մայրամուտն ապրող “Ջավախք” ժողովրդական շարժումը, վերջինիս հետ նաև' մեծ ու փոքր այլ հասարակական կազմակերպություններ (այդպիսիներից էին' “Դեմոկրատների Միությունը”, «Սուրբ Խաչը», «Կանաչների Միությունը», «Օդան», «Ձայն Ջավախքին», «Արշալույսը», «Ժաղավրդավարական Միությունը», «Վրաստանի քաղաքացիների համերաշխության միությունը», «Փարվանա» «Շառլ Ազնավուր» կազմակերպությունները), այլևս ի վիճակի չէին հասնելու ինչ-ինչ հաջողությունների: Ի սկզբանե չունենալով գործունեության հայեցակարգ և Վրաստանին միասնաբար առաջադրվող պահանջներ' Ջավախք տարածաշրջանի հասարակական-քաղաքական կազմակերպությունները այդպես էլ չհասան ոչնչի: Շուտով խնդրո առարկա թեմայով սկսեցին մտահոգություններ հայտնել և հայտարարություններով հանդես գալ առանձին մտավորականներ:
Այս ժամանակամիջոցում և հետագայում Վրաստանի կողմից արված միակ «զիջումը»' Վրաստանի պետության ղեկավար Է. Շևարդնաձեի' «Վրացական պետության ղեկավարի' 1993թ. օգոստոսի 2-ի թիվ 93 հրամանագրով հաստատված «Վրաստանի Հանրապետության շրջանի, քաղաքի պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների մասին» 1995թ. օգոստոսի 12-ին ստորագրած փաստաթուղթն էր, որի երկրորդ կետով նշվում էր. «Վրաստանի Հանրապետության շրջանների, քաղաքների և գյուղերի պետական մարմիններում, կազմակերպություններում և հիմնարկներում թույլ է տրվում այն լեզուների ազատ կիրառումը, որոնցից օգտվում է բնակչությունը»:

Այս ժամանակահատվածում իր ընթացքի վերջին փուլում ևս մի վերջին անգամ ակտիվանալով և 1996թ. մարտի 9-ին գումարելով իր հերթական' 5-րդ կոնֆերանսը' «Ջավախք» ժողովրդական շարժումը դարձյալ հարց բարձրացրեց ինչպես այլ, այնպես էլ' խնդրո առարկա ոլորտի հիմնահարցերի կապակցությամբ: 1996թ. մայիսի 5-ին վերջինիս նախաձեռնությամբ Ախալքալաք քաղաքում տեղի ունեցավ Ջավախք տարածաշրջանի բնակչության ներկայացուցիչների բազմահազարանոց ժողով-հանրահավաք, որի ժամանակ ընդունված և երկրի ղեկավար Է. Շևարդնաձեին ուղարկված բանաձևում նշվում էր հետևյալի մասին. «Այսօր մենք ուզում ենք ազատ զարգացնել մեր ազգային ավանդույթները, մշակույթը, սովորել հայոց լեզուն և հայոց պատմությունը, ինքնուրույն ընդունել այն որոշումները, որոնք անհրաժեշտ են և կենսական նշանակություն ունեն մեր տարածաշրջանի բնակչության համար, այսինքն, մենք ուզում ենք տարածաշրջանում ստեղծել համապատասխան քաղաքական ինքնակառավարման ձև, որը կամրագրվի սահմանադրությամբ»:

Ջավախք տարածաշրջանում 1999թ. հունվարի 31-ին ծնունդ առած և իր բնույթով համավրաստանյան ներկայացած «Վիրք» կուսակցությունը նույնպես իր սկզբունքային նպատակներից էր համարում “… ազգային փոքրամասնությունների լեզվի, հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ու կրոնական սովորույթների զարգացմանը նպաստելը»:
Իրենց բնույթով հետաքրքրական են նաև 1998թ. ընթացքում «Ջավախք» ժողովրդական շարժման «Ջավախք» պաշտոնաթերթի համարներից մեկում տպագրված' «Ջավախքի կարգավիճակը (նախագիծ), Ջավախքի տարածքային ինքնավարության ստեղծման հիմնավորումը» և «Ջավախքի ինքնավար հանրապետության ապագա Սահմանադրության հիմնադրույթները» խորագրերով հոդվածների բովանդակությունները, որտեղ ևս փորձ է արված բարձրաձայնել խնդրո առարկա հիմնախնդրի մասին:

Հայոց լեզվին Ջավախք տարածաշրջանում 2-րդ պետական լեզվի կարգավիճակ տալու պահանջով արդեն նոր դարաշրջանում հանդես եկավ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիում գործող հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, որի կազմակերպած «Ինտեգրում, բայց ոչ ձուլում» նախաձեռնության երեք համաժողովներից երկրորդը ամբողջովին նվիրված էր Ջավախք տարածաշրջանի կրթամշակութային հիմնախնդիրներին: Տվյալ համաժողովըում փաստվում էր այն մասին, որ Ջավախք տարածաշրջանի «…կրթական ոլորտում կոպտորեն խախտվում է Սամցխե-Ջավախքի հայության սեփական պատմությունը, լեզուն և մշակույթը ուսումնասիրելու համընդհանուր ճանաչված իրավունքը (Յունեսկոյի Գլխավոր կողմից ընդունված' Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիան, 1960թ., Վրաստանի Սահմանադրություն, հոդված 35, Օսլոյի հանձնարարականներ, կետ 14, Լունդյան հանձնարարականներ, 1999թ., կետ 18, Ազգային փոքրամասնությունների կրթական իրավունքի Հաագայի հանձնարարականներ, 1966թ., կետ 1, կետ 9, Տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիա, 1992թ., Ազգային փոքրամասնությունների եվրոպական շրջանակային կոնվենցիա, 1995թ.)»:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի' 2007թ. հունիսին կազմված հերթական' «Վրաստանի Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի տարածաշրջանների հայ բնակչության կացությունը բարելավելու անհետաձգելիությունը և Վրաստանի պարտավորություններն ու պարտականությունները Եվրոպայի խորհրդի առաջ» վերնագրով հուշագիրը, որտեղ բարձրաձայնվում էր նաև լեզվական, կրթական և մշակութային խնդիրների մասին, նույն թվականի նոյեմբերի 27-ին խորհրդի ներկայացուցիչներ Արտակ Գաբրիելյանի և Գրիգոր Մինասյանի կողմից հանձնվեց Վրաստանում գործող ՄԱԿ-ի և Եվրոմիության Վրաստանի խորհրդարանի խոսնակ և Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի գրասենյակներ, ինչպես նաև' Վրաստանում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի դեսպանատներ: Նշենք, որ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների ջանքերով հուշագիրը ստորագրել էին Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցխայի, Բորժոմի, Ծալկայի և Մառնեուլիի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանային մունիցիպալիտետների պատգամավորներ, դպրոցների հոգաբարձուների խորհուրդների նախագահներ և այլ պաշտոնատար անձինք, որոնց ընդհանուր թիվը հասնում էր մոտ 130-ի:

Նույն 2007թ. Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ: Նախաձեռնությունն իր առաջ խնդիր էր դրել հասնելու այն բանին, որ տարածաշրջանի սակրեբուլոներից (Շրջանային Ժողով, օրենսդիր մարմին)' Ախալքալաքի և Նինոծմինդայի սակրեբուլոները որոշում ընդունեն հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու խնդրի առնչությամբ: Նշենք, որ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, հանձինս խորհրդի ներկայացուցիչ Արտակ Գաբրիելյանի, վերոնշյալ հարցի կապակցությամբ դիմել էր Նինոծմինդայի շրջանային Սակրեբուլոյին և ստացել մերժում: Ինչպես նշում է այդ մասին Գումբուրդո և Զրեսկ գյուղերից Ախալքալաքի Շրջանային Ժողովի (սակրեբուլոյի) պատգամավոր, Ախալքալաքի Սակրեբուլոյի Երիտասարդական ֆրակցիայի նախագահ Անդրանիկ Աբելյանը, “այսօր մենք' սակրեբուլոյի 24 անդամներով (Ախալքալաքի Սակրեբուլոյի անդամների ընդհանուր թիվը 32 է ' Վ. Ս.) ստորագրել ենք մի փաստաթուղթ, որը պետք է ներկայացվեր Վրաստանի խորհրդարան, և որում բարձրացվում էր Սամցխե-Ջավախք-Ծալկայում հայոց լեզուն' որպես տարածաշրջանում երկրորդ պետական լեզու հռչակելու հարցը: Բայց ինչ-ինչ պատճառներով այդ փաստաթուղթը մնում է սեղանին”: Ի՞նչ ճակատագիր ունեցավ լեզվի կարգավիճակի մասին ստորագրված փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը, որքան էլ զավեշտալի է և մեր համար ամոթալի, պաշտոնապես ոչ մի տեղ չի ուղարկվել, մնացել է Ախալքալաքի Շրջանային Ժողովի դարակներում: Ի՞նչն է պատճառը: Բանը նրանումն է, որ չի կազմվել Շրջանային Ժողովի նիստի համապատասխան արձանագրությունը, որի հիման վրա այդ դիմում-փաստաթուղթը կհանձնվեր վրացական պատկան մարմիններին: Եթե չկա համապատասխան որոշմամբ արձանագրությունը, իրավաբանորեն վավեր չի ոչ մի որոշում: Իսկ թե ինչու՞ չի կազմվել այդ արձանագրությունը, ոչ թե Շրջանային սակրեբուլոյի' նիստ չլինելու պատճառով է, այլ' նիստերի ընթացքում այդ կարևոր հարցը օրակարգից անընդհատ հանելն ու մյուս նիստ տեղափոխելը: Այդպիսի «տեղափոխումներն» ու «հետաձգումները» տևեցին 6-7 ամիս' այնքան ժամանակ, մինչև որ այն մի գեղեցիկ օր հերթական անգամ օրակարգից հանվելուց հետ այլևս ընդմիշտ չմտցվեց:

Այս պայմաններում Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը Վրաստանի իշխանությունների է հանձնել որոշման տեքստը' Ախալքալաքի շրջանային Սակրեբուլոյի պատգամավորների 24 ստորագրություններով հանդերձ, որը, փաստորեն, չի կարող ունենալ իրավական ուժ և առանց համապատասխան նիստի արձանագրության' անվավեր է:

Ահա սա է այն ամբողջական ուղին, որով ընթացել է Ջավախք տարածաշրջանը' հանուն նրա, որ հայոց լեզուն հռչակվի տարածաշրջանում որպես երկրորդ պետական լեզու:

Հ.Գ. Անշուշտ, ջավախահայության այս պայքարին են միացել նաև Երևանում և արտերկրում գործող մի շարք կազմակերպություններ, պետական և հասարակական գործիչներ, որոնց գործերը նույնպես արժանի են հիշատակման, սակայն սույն հոդվածով մեր առաջ խնդիր էինք դրել հիմնական գծերով արտացոլելու հայերենին կարգավիճակի շնորհման շուրջ բոլոր այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել բուն Ջավախքում:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
«Միտք» վերլուծական կենտրոն»:

Լրահոս
Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան Այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan