Տարածաշրջանն անցած շաբաթ
Նմանատիպ
Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձություններին՝ ծանոթացնելով իր ընթերցողին ամենակարևոր զարգացումներին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր կայքի նոր նախագիծը՝ Տարածաշրջանն անցած շաբաթ։
Հայաստանի արտաքին քաղաքականություն
Հայաստանում քաղաքական շաբաթը, ըստ էության, մեկնարկել է հունվարի 10-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդարձակ ասուլիսով։ Ասուլիսի ընթացքում երկրի ղեկավարը բազում աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնցից ամենանշանակալին այն էր, որ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան ոչ միայն չի ապահովում մեր անվտանգությունը, այլև լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում երկրի համար։
Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը հրաժարվում է ընդունել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված զորավարժությունները՝ նշելով, որ նման զորավարժություններից հետո Հայաստանը միայնակ է մնում Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։
Երկրի ղեկավարի այս հայտարարությունները կրկին լարվածություն են առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում։ Կրեմլի և ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները մի շարք հայտարարություններով և մեկնաբանություններով անհամաձայնություն են հայտնել Ն. Փաշինյանի գնահատականներին և քննադատել վերջինիս։
Փաշինյանի խոսքերին նույնկերպ է արձագանքել նաև ՀԱՊԿ քարտուղարությունը, որին ի պատասխան ՀՀ արտգործնախարարությունը կրկին խիստ գնահատականներ է հնչեցրել Կազմակերպության հասցեին։
Հայ-վրացական հարաբերություններ
Հունվարի 12-ին Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարած պատվիրակությունը։ Նույն օրը տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի ղեկավարների հանդիպումը, որին հետևել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ։
Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, արդյունաբերության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրերին:
Նիստի արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր, որն ուժի մեջ կմտնի խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո: Ստորագրվել է նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը:
Իլհամ Ալիևի հերթական սպառնալիքները
Հունվարի 10-ին մամուլի ասուլիսով է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև։ Ճիշտ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը Երևանում քննադատում էր Հայաստանի դաշնակից և անվտանգային կարևոր գործընկեր Ռուսաստանին, Ալիևը Բաքվից հերթական սպառնալիքներն էր հնչեցնում Հայաստանի հասցեին։
Խոսելով Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանով անցնող Լաչինի միջանցքի փակ լինելու հանգամանքի մասին՝ Ալիևը կրկին հայտարարել է, իբր միջանցքը փակ չէ և նշել, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են լքել Արցախը, կարող են հանգիստ օգտվել այդ ճանապարհից։ Այդկերպ Ադրբեջանի ղեկավարը բացահայտել է իր՝ Արցախը հայաթափելուն ուղղված քաղաքականության հերթական տարրը։
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը աշխատում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու ուղղությամբ՝ նշելով, որ եթե հայկական կողմը չհամաձայնվի միջանց բացել Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ապա նրանք այդ խնդիրը կլուծեն ուժի միջոցով։ Ալիևը սպառնացել է նաև այնքան տարածքներ գրավել Հայաստանից, որքան անհրաժեշտ է, եթե, հայկական կողմը շարունակի «ձգձգել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը»։
Իշխանափոխություն Նախիջևանում
Անցած շաբաթ Ադրբեջանի իշխանությունները շարունակել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության նախկին ղեկավար Վասիվ Թալիբովի դեմ իրականացվող հալածանքները։ Ամբողջ շաբաթվա ընթացքում ադրբեջանական մամուլը տեղեկություններ էր տարածում Թալիբովի այս կամ այն բարեկամին կամ մերձավորին պաշտոնից ազատելու, նրանց դեմ քրեական գործեր հարուցելու, ինչպես նաև նոր պաշտոնանկությունների մասին։
Զուգահեռաբար Նախիջևանում շարունակում է իր դիրքերն ամրապնդել դեկտեմբերի 22-ին այնտեղ Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ նշանակված Ֆուադ Նաջաֆլին։ Վերջինս զբաղված է Նախիջևանում գործող ուժային կառույցներում նոր ղեկավարներ նշանակելու Ալիևի հանձնարարությամբ։
Վրաստանը հրաժարվել է Ուկրաինային ԲՈՒԿ համակարգեր տրամադրել
Հունվարի 9-ին հայտնի է դարձել, որ Ուկրաինան Վրաստանից խնդրել է իրեն փոխանցել «Բուկ» համակարգերը, որոնք Կիևը Վրաստան էր ուղարկել 2008 թվականին ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, ելույթ ունենալով խորհրդարանում, բացատրել է, որ Թբիլիսին հրաժարվել է Ուկրաինային զենք տրամադրել, քանի որ ուզում է խուսափել նոր հակամարտությունից։ «Մենք Ուկրաինային սպառազինություն չենք փոխանցում, քանի որ կարծում ենք, որ այդպիսով պաշտպանում ենք Վրաստանի քաղաքացիների շահերն ու ապահովագրում ենք Վրաստանը նոր հակամարտության վտանգից»,- ասել է Բուրչուլաձեն՝ խորհրդարանում հաշվետվությամբ հանդես գալու ժամանակ։
Ներքաղաքական կոնֆլիկտ Արցախում
Անցնող շաբաթվա վերջում մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին այն մասին, որ Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Մեկնաբանելով Արցախում սկիզբ առած ներքաղաքական ճգնաժամի մասին լուրերը՝ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշել է, որ հայկական երկրորդ պետությունում կարող են տեղի ունենալ նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ նշելով, որ ինքը պատրաստ է պայքարել երկրի ղեկավարի պաշտոնի համար։
Ավելի ուշ, սակայն, Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ պետնախարարի պաշտոնից, նաև նշել, որ այս վիճակում անընդունելի է համարում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։
Հունվարի 14-ին և 15-ին Արցախում տեղի են ունեցել մի շարք քննարկումներ, որոնց արդյունքում ԼՂՀ իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ նոր ընտրությունների մասին մտքերը ժամանակավրեպ են և որ Ռ. Վարդանյանը պետք է շարունակի իր պաշտոնավարումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում