TRIPP ծրագրի մեկնարկը, Զանգեզուրի երթուղին ու էներգացանցերը Թուրքիային և Ադրբեջանին միացնելու ծրագրերը

TRIPP ծրագրի մեկնարկը, Զանգեզուրի երթուղին ու էներգացանցերը Թուրքիային և Ադրբեջանին միացնելու ծրագրերը

Նոյեմբերի 22-ին պաշտոնապես կհայտարարվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի մեկնարկի մասին։  Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է DigiTec 2026-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկման ժամանակ։

Քննարկման ընթացքում Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մտադիր է իր էլեկտրաէներգետիկ ցանցը միացնել Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին՝ այդկերպ զարգացնելով տարածաշրջանային էներգետիկ կապերը։ Նրա խոսքով՝ երկիրն արդեն միացված է Իրանի և Վրաստանի ցանցերին, և այժմ ներդրումներ են կատարվում՝ էներգիայի փոխանցումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Վարչապետի գնահատմամբ՝ տարածաշրջանային էներգետիկ կապերի զարգացումը կարևոր փոփոխություն է, որի շնորհիվ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականություն է դառնում։

TRIPP ծրագրով նախատեսվում է Հայաստանի Սյունիքի մարզով տարանցիկ երթուղու ստեղծում, որը պետք է կապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Նախագծի շրջանակային համաձայնագիրը Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել էին հունիսի 4-ին, իսկ խորհրդարանը այն վավերացրել էր հոկտեմբերի 28-ին։

Նոյեմբերի 6-ին Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը գործարկել էին TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքային խմբերը՝ տրանսպորտային և էլեկտրաէներգիայի փոխանցման ուղղություններով։ Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովն ընդունել էր ծրագրի զարգացման ընկերության ստեղծման օրենսդրական փաթեթը, իսկ նոյեմբերի 19-ին Կառավարությունը որոշել էր 16 միլիոն դրամ հատկացնել TRIPP-ի համար նախատեսված տարածքի մաքրման նախապատրաստական աշխատանքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում