AM | RU
USD
EUR
RUB

«Հադրու՜թ, մի հատ «Հարսանեկանը».զենքով ու դհոլով պարտադրում են թշնամուն լռել. Times.am-ի սահմանային անդրադարձը

 

«Հետքը» ԼՂՀ պաշտպանության բանակի հետ համատեղ օգոստոսի 18-20-ը լրագրողական հերթական այցն էր կազմակերպել ԼՂՀ ՊԲ զորամասեր և մարտական դիրքեր:

Ընտրածս ուղղությունը 4-րդ պաշտպանական շրջանն էր, թեպետ այստեղ անցած տարի էի եղել, բայց զորամասի հրամանատար էր փոխվել, Արտակ Բուդաղյանին փոխարինել էր դարձյալ լավագույն հրամանատարներից Ջալալ Հարությունյանը և պետք էր հասկանալ՝ ի՞նչ է փոխվել այս փոփոխությամբ:

Հասանք. զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Իշխանյանը թոշակի էր անցել, ծառայության ժամկետը լրացել էր, չկար նաև զորամասի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ, փոխգնդապետ Գաբրիելյանը, ուստի չկար մեկը, ով զորամասում, ապա դիրքերում կասեր.

-Դու տեսա՞ր, թե ինչ սիրուն տղերք ունեմ է՜, մեկը մեկից սիրուն: Տղերք, մի հատ հլը կասկեքդ հանեք, թող մեր աղջիկը տեսնի, թե ինչ սիրուն եք է՜, ջոկած, ջոկած:

Տղերքը կասկեքն ամաչելով հանում են ու ժպտում:

-Հա, բայց դու տեսա՞ր ինչ սիրուն տղերք ունեմ , ինչ սիրուն սպաներ: Որ սիրուն են ո՞նց չասեմ է՜…,-կրկնում էր Գաբրիելյանը, ով հիմա ինչպես տեղեկացրեցին՝ զինկոմ է նշանակվել:

Իսկ զորամասում, փառք Աստծո, դեռ կային հին ու նոր սպաներ, ովքեր զինվորի ուսին կարող էին հայրաբար և եղբայրաբար ոչ սարքովի թփթփացնել:

Ինչևէ, քիչ անց հանդիսավոր կերպով Ասկերանի զորամասում տրվեց ամառային ուսումնական շրջանի մեկնարկը՝ ողջույներ, ելույթներ, որից հետո հակառակորդի կողմից վերջին դիվերսիոն գործողությունները հետ մղած զինվորների և սպաների պարգևատրում տեղի ունեցավ:

Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի սպաներին ոչնչացրած հայ սպաներից ոչ մեկ չցանկացավ  խոսել իրենց արածի մասին՝ ասելով, թե իրենք գործի մարդ են, փոխարենն իրենց զինվորներին էին առաջ բերում, որ տղերքին ճանաչեն:

Սիսիանցի Վահե Պետրոսյանը պատմում է մեր առավելությունների և հակառակորդի թույլ կողմերի մասին՝ չթերագնահատելով միաժամանակ.

«Հակառակորդը սադրիչ գործողությունների գնաց, բայց ոչ մի բանի չհասավ, որովհետև մեր կողմից ստացավ արդյունավետ հակահարված և այսօր ավելի վախեցած է: Սա մենակ ես չէ, որ սա ասում եմ, նաև մենակ մեր շնորհիվ չէ, որ այսպես է, այլ հայ ազգի շնորհիվ, որի միասնությամբ մեր թիկունքն ամրանում է: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ հակառակորդը թույլ է, իհարկե, ես չեմ թերագնահատում: Թշնամին ռազմատեխնիկական առումով է հզոր, բայց դա չեն կարողանում օգտագործել, իսկ հոգեբանական առումով միայն խոսում են, բայց պետք է գործով ապացուցես: Մենք հայրենասեր ենք, մենք չենք փախնում առաջնագծից, որովհետև մեր հողի համար ենք կռվում»:

Զորամասի հրամանատար Ջալալ Հարությունյանն ակնարկում է, թե վիրավորների և զոհերի քանակը շատ հստակ ցույց է տալիս ադրբեջանական և հայկական զինուժի, զինվորի մարտական, մարտահոգեբանական պատկերը:

«Մեր պաշտպանական շրջանի երկու մարտական ուղղությամբ դիվերսիոն հարձակում է եղել: Սա մտածված գործողություն էր, իսկ նպատակը՝ ստեղծել վախի մթնոլորտ և առաջնագծում ապակայունացնել վիճակը: Մինչդեռ այդ ամենը կրկնապատկեց մեր մարտական ոգին: Մենք արժանի հակահարված ենք տվել, հակառակորդը զոհեր է տվել և պատրաստ ենք եռապատկել մեր հարվածները, ամեն հարվածի պատրաստ ենք»:

Հիշեցնենք, որ ըստ Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության ժամանակ Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել: Նույն հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի կողմից օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ասկերանի ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր:

Նախքան կշարժվեինք մարտական դիրքեր, հրամանատար Ջալալ Հարությունյանից փորձում եմ պարզել զինվորի հետ հարաբերվելու, ոգևորելու իր մեթոդները.

«Առաջին մեթոդը դա խրախուսանքն է, բայց դա պիտի արդար լինի, արդարության սկզբունքը պիտի պահպանվի: Հրամանատարը եթե կարողացավ արդարության սկզբունքը պահպանել, ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Իհարկե, այս դեպքում առաջնահերթ է նաև  հրամանատարի անձնական օրինակը: Առավոտից իրիկուն զինվորների հետ  եմ՝ զորամասում, թե դիրքերում, խրամատում: Զինվորը պիտի իրեն մենակ չզգա, սա տեսնում են, զգում...դա է հաջողության հասնելու բանաձևը: Բանակում կա մի օրենք, որը պիտի հարգի հրամանատարը, իր սեփական օրենքները չպիտի սահմանի, այլ հարց է, որ մեթոդները կարող են տարբեր լինել, բայց սկզբունքը մեկն է»:

Հակադարձմանը, թե ասում են, որ ձեր էներգիան երբեք չի սպառվում, ո՞րն է դրա գաղտնիքը, հրամանատարը պատասխանում է.

«Աշխատելու ժամանակ աշխատում ենք, հանգստանալու ժամանակ էլ հանգստանում (ծիծաղում է), բայց էներգիայի առաջին աղբյուրը գործի հանդեպ սերն է»:

Շարունակելով միտքը, Ջալալ Հարությունյանն ասում է, որ կապ է պահպանում իր բոլոր նախկին զինվորների հետ, որ անգամ տոնական օրերին հանդիպում են:

«Էս խառը օրերին իմ նախկին զինվորներն եկել են և ասել՝ հրամանատար մի հարց լինի պատրաստ ենք քեզ օգնել»,-լրացնում է նա՝ հավելելով, որ ինքն էլ իր կյանքի հրամանատարական օրինակներն է ունեցել ի դեմս գեներալ Քրիստափոր Իվանյանի:

Մինչ կավարտեինք զրույցը, հարցնում եմ՝ չե՞ք վիրավորվում, որ բանակում չծառայածներն էս օրերին «հերոսացան», որ բարձր պաշտոններ են զբաղեցնում, մի պահ լռում է և պատասխանում.

«Ժամանակ չունեմ  մտածելու, ես իմ գործն եմ անում»:

Արդեն մարտական հենակետեր շարժվելու ժամանակն է, ուղղությունը՝ Ակնա:

Եվ նորից Աղդամի կիսաքանդ շինություններով, «կռված», ընկած, փոշոտված, բայց չպարտված քարերով լի ճանապարհի միջով, որտեղ ամեն քայլափոխի մեզ են դիմավորում նռնենիները՝ առատ պտուղներով: Ժամանակ առ ժամանակ իջնում ենք ու քաղում, հետո նորից շարունակում ճանապարհը: Ու ցավով կրկնում ինքս ինձ՝ պատերազմն ասես երեկ է ավարտվել: Մտածում եմ և չեմ էլ նկատում, որ այդ ամենը բարձրաձայն եմ ասում և նռնենու մոտ պատասխան միտք.

«Աղդամը հարստացրեց, բայց ինքը մնաց...ախր, սա ժամանակին առևտրի հզոր կենտրոն է եղել...»:

Ավելի ուշ ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն ինձ հետ անկեղծ զրույցում ասում է՝ պատճառը միայն տնտեսական է:

Արդեն մարտական հենակետերում ենք, որտեղ մարտական հերթապահություն են անցկացնում մեկը մյուսից սիրուն հայ զինվորները: Ծանոթանում եմ և զարմանում.ոմանց առաջին, երկրորդ մարտական հերթապահությունն է, բայց արտաքինից փորձառուի տպավորություն են թողնում կամ մի հազար անգամ դիրքեր բարձրացածի:

Շարքային Հակոբյանը նրանցից մեկն է, ով առաջին անգամ է դիրքերում.

«Նորմալ զգացողություններ են, ոչ մի արտառոց բան չկա, վախի զգացողություն: Կողքիս  տղերքն էլ են նորմալ, ամեն ինչ անում ենք, որ վախ չլինի: Մեզ մոտ ընդհանրապես ոչ մի լարվածություն չկա՝ թե զորամասում, թե այստեղ»:

Ակնարկում եմ, թե մարտական դիրքերում հակառակորդի ակտիվացումը, թերևս, ազդում է, միջանձնային հարաբերությունների վրա և երբեմն հանգեցնում ցավալի դեպքերի, շարքային Հակոբյանն արձագանքում է.

«Այստեղ առաջինն իրենք իրենց թույլ չեն տա որ ինձ վիրավորեն: Եթե ենթադրենք վիրավորեն, չեմ կարծում ինչ պիտի լինի, որ բանը հասնի...չի կարելի ստից բաների համար վիճել, այստեղ նման բան չկա»:

Զինվորներից Էդգարն, ով 9-րդ անգամ է դիրք բարձրանում, թեման տեղափոխում է «հակառակորդի դաշտ».

«Հանգիստ է հիմա համեմատաբար սահմանին, միշտ էլ այսպես է՝ մի որոշ ժամանակ կարող է հանգիստ լինել, հետո նորից սկսեն: Հիմա  լարված չի վիճակը»:

Հադրութցի Էրիկ Պողոսյանն, ով երկրորդ անգամ է դիրքում, նույնպես վստահեցնում է, որ ծառայությունը նորմալ է անցնում, ամեն ինչ լավ է, իսկ երբ միջամտում եմ, թե ամեն ինչ լավ լինել չի կարող նման հակառակորդի դեպքում, հակադարձում  է.

«Ծառայում ես հայրենիքին, հայ ազգին, հայ ժողովրդին, դրա համար պիտի կռվես, դրա համար էլ ասում եմ, որ սաղ լավ է: Պիտի ուշադիր լինես, որ ջախջախես թշնամուն, խառը վիճակը չի վախեցրել բացարձակ, առանց վախի խփել ենք»:

Ի դեպ, մեր «Հադրութը», ինչպես նրան անվանում են, լավ դհոլ է նվագում, որում համոզվեցինք դիրքերում, այս մի «զենքն» էլ էր պատից կախված.

-Հադրու՜թ, մի հատ «Հարսանեկանը»,-ասում է պաշտպանական շրջանի զորամիավորման ղեկավարներից մեկը: Հադրութս էլ բերում է և սկսում ամբողջ ուժով նվագել՝ հայկական դհոլի և իր մատների զարկի ձայնը մինչև թշնամու ականջը հասցնելով: Մյուս զինվորներն էլ այս ընթացքում արագ-արագ սեղանն են գցում՝ ճաշատեսակներ, թթու, սուրճ, քաղցրավենիք...

-Կեր է՜, Արցախի վարչապետը հատուկ գալիս է այստեղ, որ մեր զինվորի ձեռքի հացն ուտի, դու էլ նստել ես,- ինձ է դիմում պաշտպանական շրջանի զորամիավորման ղեկավարներից մեկը:

Օգտվեցի, բայց միայն զինվորի ձեռքի ջուրը, ահավոր շոգին միայն դրա կարիքն ունեի:

Ավելի քան  մեկ ժամ մնալուց հետո, պետք է իջնեինք դիրքերից, հրաժեշտի պահին գումարտակի հրամանատարը վստահեցնում է՝ վերջին լարվածությունները ցույց տվեցին, որ պատրաստ ենք արժանի հակահարված տալ, մարտական ոգին մեր զինվորների բարձր է:

«Բոլոր դիրքերն ապահովված են գիշերային դիտասարքերով, արդեն հնարավորություն կա հակառակորդին արագ նկատել և առաջխաղացումը կանխել: Բայց ինչ էլ լինի ավանդական մեթոդները՝ պահածոյի տուփերը, պիտի մնան, քանի որ դիտասարքը կարող է խափանվել, իսկ սա իր գործը կանի»,-լրացնում է նա:

Հեռանում եմ՝ աչքերումս թողնելով շոգից քրտնած զինվորների երեսները, սիրուն հայացքները, ոչ սարքովի իրարանցումը, մեկը մյուսի զրահաբաճկոնը խնամքով ծալելու պահը, ականջներումս՝  անկեղծ վստահեցումները, դհոլի ձայնն ու էլի շատ բաներ...

Հետ ենք դառնում ինչպես եկել ենք՝ Աղդամի կիսաքանդ շինություններով, «կռված», ընկած, փոշոտված, բայց չպարտված քարերով լի ճանապարհի միջով, որտեղ ամեն քայլափոխի մեզ են դիմավորում նռնենիները՝ առատ պտուղներով, որոնցից վերցրել ենք, որ Երևան տանենք՝ կատակելով, թե արժե գալ քաղել ու Երևանում նռան բիզնես անել....

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևան-Ասկերան-Աղդամ

 

 

 

 

 

Լրահոս
Իրանի նախագահի կողմից Փաշինյանին ուղղված շնորհավորանքի ուշացումն արդեն ուղերձ է. Վարդան Ոսկանյան Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Սևանի հիմնախնդիրը «գցել է ոտքին». Վ. Վարագյան Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի ՍԴ նախագահի ընտրությունն այսօր չի կատարվել. նիստը կշարունակվի վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Առողջապահության նախարարությունը սարքել են մեկ մարդու քինախնդրության «դուքյան» ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմն աշխատավարձի 75%-ի չափով պարգևատրվել են Վարչապետը փոխել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցչին Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով Այսօր կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը ՀՊՏՀ–ում դադարեցվում է ուսումնական գործընթացը․ հայտարարություն ԱԿԲԱ Բանկը Մեղրիում նոր մասնաճյուղ է գործարկել (Տեսանյութ) «Փաստինֆո». Փաշինյանի հեռացման մեկնարկը կտրվի հոկտեմբերի 8-ի հանրահավաքով. Նարեկ Մանթաշյան ՀՅԴ ներկայացուցիչները ՌԴ դեսպանի հետ քննարկել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր Վարչապետը զբաղված է հեքիաթների նոր ժողովածուով. գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին. Աշոտյան Ֆրանսիացի քաղաքապետ․ Բավական է, Ադրբեջանը չէ, որ պետք է օրենք սահմանի Ֆրանսիայում ՊՆ. Նոյեմբերի 16-ից 20-ը կանցկացվի «Շանթ» զորավարժությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. մանրամասներ ՌԴ մեկնել ցանկացողները հացադուլ են անում Կառավարության դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա Երևանում Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստը չկայացավ Սպասեք մի երեք–չորս ժամ և ամեն ինչ կիմանաք. Հրայր Թովմասյան Ամուլսարի հանքի շահագործմանը կողմ համայնքների բնակիչների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց. ՈՒՂԻՂ Երևանում անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, մարզերում՝ հակառակը Իշխանությունը պետք է մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների․ Տիգրան Աբրահամյան Այդպիսին են այսօր Հայաստանը ղեկավարող բոլշևիկները, ովքեր թույլ են տալիս, որ իրենց վրա «ոտքեր սրբողները» հեռանան երկրից. Դավիթ Խաժակյան Հանրային հեռուստաընկերությունը չի ներկայացանում բողոքի ցույցերը. «Մեդիա պաշտպան» Արևիկ Պետրոսյանը չի առաջադրվի ՍԴ նախագահի պաշտոնում, այլ թեկնածուի ևս չի առաջադրի Ի՞նչ փոփոխություններ են սպասվում անշարժ գույքի շուկայում. ասուլիսը՝ ուղիղ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ Ռոհանի. ԱՄՆ հաջորդ ղեկավարը կհամաձայնի մեր պահանջներին Այսօրվա հոսանքազրկումների մասին Պոմպեոն սպառնացել է Չինաստանին և Ռուսաստանին՝ Իրանին զենք վաճառելու կապակցությամբ «Նորք» ԻԿՀ աշխատակազմի նամակը՝ նախագահին ու վարչապետին. Բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ... Մոսկվա-Երևան ևս երկու չվերթ կիրականացվի Երկրաշարժ՝ Շիրակի մարզում «Ժողովուրդ»․ Նախարարը կողմ է ՀՊՏՀ ուսանողների բողոքի ակցիաներին «Հրապարակ»․ Հնարավոր է՝ անսպասելի իրավիճակ առաջանա ՍԴ-ում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan