Խոսք առ «Ղարաբաղ Տելեկոմ» Քարվաճառից

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը Քարվաճառի շրջանն սպասարկող միակ բջջային օպերատորն է: Շրջանի 16 համայքների բնակչությունը, այսինքն, մոտավորապես 2500 հոգի սպասարկվում են Քարվաճառ քաղաքում տեղակայված սպասարկման կենտրոնում: «Ղարաբաղ Տելեկոմ»- գրասենյակը արհմիության, կադաստրի, գրադարանի հետ նույն շենքում է: Առաջին հայացքից աչքի է զարնում բռնակի ու կողպեքի բացակայությունը դռան վրա: Դուռը կապվում է մի ինչ-որ լարով, ինչը, համաձայնեք, տարօրինակ է նման կազմակերպության համար:
«Մի աթոռ չկա, որ մարդ գնա, նստի: Մի կոտրած աթոռ կար, դրա վրա էլ քարտերն են դնում, քանի որ պահարան չկա: Իբր թե մի նոր աթոռ էին բերել, նստեցի, ընկնում էի, կոտրված էր», նեղսրտած պատմում է բաժանորդ տիկին Սոնան: «Լյուդան («ՂՏ» գրասենյակի աշխատողը) շատ լավ ա աշխատում, իրեն բոլորը սիրում, հարգում են, բայց դե մի քանի աթոռն ի՞նչ ա, որ չեն ուղարկում, Քարվաճառն ա, դրա համար չե՞ն ուղարկում», շարունակում է Քարվաճառի բնակիչը: Տիկինը հավաստիացրեց, որ իր խոսքերի տակ կստորագրեն բոլոր բաժանորդները: «Շատ հաճախ քարտ էլ չեն ուղարկում Քարվաճառի համար, մարդիկ ուզում են, չկա: Պիտի պատվիրեն, որ մի որոշ ժամանակ հետո Մարտակերտից ուղարկեն: Բայց դե գյուղացիներն էլ են էստեղից օգտվում, գալիս հասնում են, բա քարտ չլինի, որ վերցնեն, նոր հետ գնան: Դու գնա տես, թե ինչ ա էդ գրասենյակի վիճակը, ոչ մի գույք չկա, հոսանքի համար էլ մի մարդ չեն ուղարկում, որ գա սարքի, աշխատողն ա երկարացման լարեր բերել, մի կերպ սարքել», նշեց նա:
Տիկին Սոնան վստահ է, որ Ստեփանակերտում եւ առավել եւս Երեւանում տեղյակ չեն, որ Քարվաճառի գրասենյակը վերոնշյալ խնդիրներն ունի: «Թե չէ կուղարկեն ինչ պետք ա», վստահ է տիկինը: Նա համոզված է, որ եթե Ռալֆ Յիրիկյանը կարդա նյութը, ապա «Ղարաբաղ Տելեկոմ»-ի Քարվաճառի գրասենյակի համար համապատասխան գույք կուղարկվի, դռան կողպեքն էլ կսարքվի:
Մեր կողմից ավելացնենք նաեւ, որ Քարվաճառի բնակիչներն արդեն հոգնել են սպասել, թե երբ «Ղարաբաղ Տելեկոմ»-ը վերջապես կսկսի տարածքին համացանցային կապ տրամադրել: Քարվաճառում դրա համար տեխնիկական հնարավորություններն ու ծածկույթն արդեն երկու տարի առկա է, բայց մարդկանց սպասելիքները շարունակում են տարօրինակաբար անտեսել: Քաղաքն սպասարկող միակ ինտերնետ մատակարարող «Արմինկո» ընկերության կապը նախատեսված է սահմանափակ թվով բաժանորդների համար, այդ պատճառով էլ բնակիչներն այսօր լուրջ խնդիրներ ունեն կապի որակի հետ կապված, եւ եթե «ՂՏ»-ն վերջապես որոշի համացանցային կապ տալ Քարվաճառի շրջանին, ապա համարյա անմիջապես կունենա հարյուրից ավելի բաժանորդ:
Թամարա Գրիգորյան