Մեկ շաբաթ Քարվաճառում. շաբաթօրյա մտքեր

Այսօր մեկ շաբաթ է, որ ես Քարվաճառում եմ, եւ ոչ թե որպես հյուր, այլ որպես բնակիչ: Քարվաճառ տեղափոխվելու որոշումը ծնվեց, հասունացավ եւ իրականացավ երկու տարվա ընթացքում:
Սրանից յոթ տարի առաջ, երբ ես տասնյոթ տարեկան էի, թողեցի հարազատ Վանաձորս ու տեղափոխվեցի ապրելու Երեւանում. պետք է բուհ սովորեի: Նոր միջավայր, նոր մարդիկ, նոր կյանք ու նոր դժվարություններ: Բայց գաղափար կար, կրթվելու գաղափարը, եւ գաղափարը ուժ էր տալիս' հաղթահարելու դժվարությունները:
Մի շաբաթ առաջ մեր նորաստեղծ ընտանիքը նստեց Վարդենիսից Քարվաճառ եկող միակ «ՈՒԱԶ»ը, որի մասին ես արդեն պատմել եմ, եւ եկանք Քարվաճառ:
Երբ խոսում ենք այստեղ արդեն տասը-տասնչորս տարի ապրող մարդկանց հետ, նրանք մեզ հավաստիացնում են, որ այստեղ հիմա դրախտ է: «Բա որ մեր ժամանակ գայիք…», ասում են նրանք ու հիշում 1998-99 թվակականները, երբ լույս չկար, ջուր չկար, հաղորդակցություն չկար, որեւէ տուն չկար, մարդ չկար… Այժմ լույս կա, ջուր կա, համացանց կա, հեռախոսակապ կա, քիչ թե շատ տրանսպորտ կա, մոտավորապես 700 հոգի մարդ կա, հյուրեր են գալիս, անգամ' արտասահմանից: Մի խոսքով, Քարվաճառում այսօր կարելի է նորմալ ապրել: Ինչպես հասկացանք վարչակազմի ղեկավարի հետ հանդիպումից, նոր բնակիչներին տեղական իշխանությունն այստեղ գրկաբաց չի շտապում: Գործնականում դա ապացուցվում է տներ չկառուցելով, եւ այդ պատճառով է, որ նոր տեղափոխված ընտանիքը պետք է առհասարակ որեւէ հույս չկապի պետության հետ եւ փորձի ընկերների ու տարածքի վերաբնակեցման կարեւորությունը հասկացող մարդկանց աջակցությամբ ստեղծել սեփական կացարանը:
Իսկ մինչեւ սեփական բնակարանի խնդրի լուծվելը մենք Քարվաճառում ապրում ենք եզակի մարդկանց տանը, մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի մենք մեզ հանգիստ ու ազատ զգանք:
Իսկ մեր հանգիստ ու ազատ զգալուն ամենից շատ նպաստում է Քարվաճառի հողը: Չկարծեք, թե սենտիմենտալ բաներ եմ ասում, իսկապես ես ինձ այստեղ աննկարագրելի հանգիստ ու թեթեւ եմ զգում: Հաճույք եմ ստանում փողոցներով քայլելիս, լուսանկարելիս, մարդկանց հետ շփվելիս, Քարվաճառի մասին գրելիս: Ինչպես շատերն են ասում. «բայց էնտեղ ոչ մի բան չկա, ի՞նչ եք անելու». հավաստիացնում եմ ձեզ' այստեղ ազատ ժամանակ գրեթե չի լինում: Ճիշտ եք, այստեղ համարյա ոչ մի բան չկա, բայց այստեղ շատ անելու բան կա: Երեւանում ամեն ինչ շատ է ու խեղդող, յուրաքանչյուր ոլորտում մասնագետների ու ոչ այնքան մասնագետների մեծ ավելցուկ կա, իսկ այստեղ ոլորտները բաց են, այստեղ աշխատել սիրող մարդը հաստատ շատ անելիք ունի: Քարվաճառի ավերակները ստեղծելու հնարավորություն են տալիս, ստեղծելուց հաճույք ստանալու հնարավորություն են տալիս:
Երեւանում տուն ունենք, իսկ Քարվաճառում չունենք: Քարվաճառում սեփական տունը սարքելու ու դրանից անասելի բերկրանք ստանալու հնարավորություն ունենք, իսկ Երեւանում չունենք…
Թամարա Գրիգորյան