AM | RU
USD
EUR
RUB

«Ազատագրված Քարվաճառ. նրանց իրավունքը» Վարպետ Աբրահամ. Ադրբեջանական ԽՍՀ-ից մինչեւ Քարվաճառ

 

Արցախի Քարվաճառ շրջանը մի քանի հարյուրամյակ գերության մեջ է եղել: Գրավվելով թուրքական քոչվոր ցեղերի կողմից' այն հետագայում կցվել է նորաստեղ Ադրբեջան պետությանը: Հայոց խաչքարների, եկեղեցիների ու սրբավայրերի հայրենիք Քարվաճառն ազատագրվել է արցախյան պատերազմի ժամանակ, 1993 թ. ապրիլի առաջին օրերին:

Շրջանը սկսել է բնակեցվել 1998-99 թվականներից: Այստեղ եկել են ապրելու հայեր Հայաստանի տարբեր շրջաններից: Քարվաճառը երկրորդ հայրենիք ու տուն է դարձել նաեւ Մռավի այն կողմում իրենց տունը կորցրած բազմաթիվ հայ փախստականների համար: Քարվաճառն առանձնահատուկ է այս մարդկանց համար, քանի որ իրենց երեխաներին ու թոռներին կարող են ցույց տալ իրենց ծննդավայրը. այ այն բարձր սարից այն կողմ էինք իրենք ապրում մինչեւ 1988 թ., երբ….

Times.am-ը ներկայացնում է. Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների պատմություններ, ովքեր ապրում են Քարվաճառում, իրենց նոր հայրենիքում, հայրենիք, որ իրենց իրավունքն է: «Ազատագրված Քարվաճառ. նրանց իրավունքը» շարքի առաջին հերոսը Աբրահամ Մարգարյանն է, նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի Շամխորի շրջանի Բադա գյուղից:

Վարպետ Աբրահամին Քարվաճառում բոլորն են ճանաչում. ոսկի ձեռքեր ունի: Ավելի տարիքով մարդիկ, ովքեր խորհրդային տարիներին ապրել են Ադրբեջանում, հիշում են նրա հորը. ամբողջ Ադրբեջանում նրա հոր նման սազ սարքող չկար, ամեն տեղից գալիս էին իրենից սազ գնելու:
«Ապրել եմ Ադրբեջանի ԽՍՀ-ում: Մեր գյուղը Շամխորի շրջանում էր, Բադա գյուղն էր, 1988-ի հեղաշրջման ժամանակ թողեցինք, եկանք, ի՞նչ պատմեմ, այ բալա, էլ ի՞նչ պատմեմ», խորշոմների մեջ կորած թախծոտ աչքերով ասում է վարպետ Աբրահամը:

Մեկ էլ կարծես թե հիշելով, թե ինչ պիտի պատմի, միանգամից սկսում է խոսել իր գյուղի մասին' կարոտն աչքերում խորը պահած:
«Մեր գյուղում 800 տնտեսություն կար, դեռ ավելին: Բոլորը հայեր էին: Ունեինք մեր հայկական դպրոցը, էն ժամանակ, որ ես սովորում էի դպրոցում, չորս դասարան կար, ա, բ, գ, դ: Ամեն դասարանում ամենաքիչը 35 աշակերտ կար: Հետո էլի մի դպրոց սարքեցին, որ երեխաները տեղավորվեին: Էնքան շատ էին աշակերտները, որ երկու հերթով էին դասի գալիս:
Ամեն ինչ թողեցինք էդ տականքներին, խոսքս կոպիտ ա, բայց էդպես պիտի ասեմ, ստիպողաբար դուրս եկանք մեր տներից: Մեր գյուղում տեղեկություն չունեինք, որ տեղահանություն ա: Կողքի գյուղերը տեղահանվում էին, մենք էլ էդպես իմացանք, տեսանք, որ ավտոբուսները կանգնած, բոլորին բարձում էին մեքենաները, թուրքերն էլ հսկում էին: Պետք ա մարդկանց Թարթառով բերեին Հայաստան: Էդ ժամանակ ես չորս երեխա ունեի: Մեր գյուղում էլ արդեն թուրքեր էին գալիս, ասում էին' թողեք, գնացեք, քանի դեռ արյուն չի թափվել: Ասում էին' հայկական գյուղերից ադրբեջանցիներ են եկել, կարող եք տներ փոխանակել, գնալ Հայաստանում ապրել», ծանր հիշողություններն աչքի առաջ է բերում վարպետը:

Աբրահամ Մարգարյանի գյուղում կոտորած չի եղել, բայց իրենք ամեն ինչ թողել-փախել են: «Իմ «Նիվա» մեքենայում իմ ընտանիքն էր տեղավորվել, չորս երեխաներս, տիկինս, ծնողներս, քրոջս ընտանիքը: Մի մեքենայում 16 հոգի տեղավորվել են: Գիշերով դուրս եկանք, կալոնայով իրար հետ շարժվեցինք: Կլինեին մոտ 18-20 ավտոբուսներ, մարդատար ավտոներն էլ հիմնականում երեխաներին էին տեղափոխում: Էդ ժամանակ գյուղացիների մեծ մասը դեռ մնացին գյուղում: Ես ընտանիքիս տարա Չարենցավան, քրոջս, ախպորս ընտանիքներն էնտեղ էին ապրում»:

Մի որոշ ժամանակ անց Աբրահամը ծնողների հետ գաղտնի ճանապարհով կարողանում է մի անգամ էլ գնալ իրենց գյուղ:

«Էդ ժամանակ արդեն մի հայ չկար գյուղում, ամեն տեղ թուրքեր էին, դռները ջարդել էին, մտել էին բոլոր տները, ապրում էին: Զինված էի, մի քանի հատ նռնակ էի վերցրել, ուզում էի գցեմ տանս վրա, ավելի լավ էր ամեն ինչ միանգամից վերացնեի, քան թե իրանք վայելեին: Մամաս չթողեց….», հիշում է վարպետն ու ցավի ու անզորության արցունքներն ակամայից թափվում են խորն ընկած աչքերից…

Անտանելի ծանր է տեսնել այս մարդու ցավը… Խոսքը փոխում եմ' փորձելով շատ չխորացնել ցավոտ հիշողության վերքը: Հարցնում եմ Հայաստանի Հանրապետությունում հաստատվելու տարիներից:

«Չարենցավանում մի երկու ամիս մնացինք, բայց երկար չէինք կարող մնալ, ուրիշի տանն էինք ապրում: Մինչեւ էդ քույրերիցս մեկն եկել էր Վարդենիսի մոտ, Մասրիկ գյուղում էր ապրում: Մենք էլ գնացինք, ծնողներս գյուղը հավանեցինք, մենք էլ էնտեղ տուն վերցրինք: Շատ կեղտոտ, փնթի տներ էին: Մի տուն վերցրինք, կարգի բերեցինք: Մի ամիս էինք ապրել, մեկ էլ մի մարդ եկավ, որ ինքն իր տունը փոխանակել է էդ տան տիրոջ հետ, փաստաթղթերը ցույց տվեց, ասաց, որ տունն ազատենք:

Մի ուրիշ տուն ճարեցինք, մի քանի ամիս էինք ապրել, հավաքել էինք տունը, մաքրել էինք: Մի օր էդ տան իսկական տերը, թուրքը, եկավ: Նստեցինք, հաց կերանք, դե ինքն էլ էր մարդ, ինքն էլ տուն կորցրած: Հերս որ իրա սարքած սազը վերցրեց նվագեց, թուրքի բերանը բաց մնաց: Պայմանավորվեցին, որ էս ինչ օրը գնան, թղթերով տունը տան մեզ:

Փոխանակումը եղավ, տասը տարուց ավել բնակվեցինք Մասրիկ գյուղում: Մայրս իր տուն կորցնելը չտարավ, մի տարի չէր անցել, մահացավ: Հետո էլ հայրս մահացավ, ես էլ հիվանդացա, Վարդենիսի օդը չէի կարողանում տանեմ»:

Քարվաճառ առաջին անգամ եկել է 1998-ի գարնանը ընկերների հետ: Գարունը Քարվաճառում թերեւս ամենավատ եղանակն է, ու այդ օրն էլ անձրեւոտ ու ցեխոտ է եղել: «Դեռ քաղաք էլ չէինք մտել, ձորի մոտ մի տեղ նստեցինք, հաց կերանք: Որ մի քիչ ման եկանք, սինդրիկ տեսա: Սինդրիկի համար խելքս իմը չի: Տղերքին ասեցի' ես էլ էստեղից գնացող չեմ»:

Այդ ժամանակ վարպետ Աբրահամի վեցերորդ զավակը եւ հինգերորդ որդին' Էրիկը, նորածին էր, հազիվ մի ամսական:

Տարածքը հավանելով' հենց 1998-ին վարպետն ընտանիքին էլ է բերել այստեղ, տուն է ստացել, իր ձեռքով վերանորոգել, սենյակներ ավելացրել: Փոքր տղան' Մարգարը, այստեղ է ծնվել:
Այդ տարիներին դժվար էր, լույս չկար, աշխատանք չկար, սնունդ չկար: Տարիների հետ ամեն ինչ կարգավորվեց: Երեխաները մեծացան. աղջիկն ամուսնացել է, բալիկներ ունի, ապրում է Քարվաճառում: Վեց տղաներից երեքը ծառայել են բանակում, այժմ էլ աշխատում են որպես պայմանագրային զինծառայող: Մի որդին շուտով բանակ կգնա, իսկ երկու որդիները դեռեւս դպրոցական են:

«Տղաներիցս մեկը նշանվել է, տարածք է վերցրել, որ մեր ուժերով տուն սարքրենք, ինքն ամուսնանա, որ մյուսներն էլ կարողանան ամուսնանան»:

Վարպետ Աբրահամը Քարվաճառում տուն է ստեղծել, երեխաներն էլ այստեղ կամուսնանան, տուն կկառուցեն ու կամրանան: Այստեղ նա գտել է իր երկրորդ հայրենիքը' սրտում ամուր-ամուր պահելով իր ծնդդավայրի հուշն ու պատկերը, որը տարիներ առաջ ստիպված եղավ թողնել ու հեռանալ…

Թամարա Գրիգորյան

Հ.Գ. Լուսանկարում Էրիկն է, վարպետ Աբրահամի որդին:

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 9 Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ալիևին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին Այսօր Սևանը կանգնած է ճահճացման վտանգի առաջ. Վահագն Վարագյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է, նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ) Ֆրանսիան կորոնավիրուսի 2-րդ ալիքի դեպքում այլևս չի փակի տնտեսությունը Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են Ադրբեջանցիները ձեռք են բերել շուրջ 300 հայաստանցու անձնագրային տվյալներ. Սամվել Մարտիրոսյան Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներին. հայտարարություն ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում Համաճարակի պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատության աճ են կանխատեսել Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Մեծ հաճույքով կստորագրեմ. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի նախագծի մասին Ինչ ունեցվածքի տեր է Արմեն Սարգսյանը Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլի» մասին Ֆրանսիացի բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին մանրամասներ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 535 դեպք ԱՄՆ-ը սկսեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու գործընթացը Հաֆթարը խոստացել է Լիբիայից վտարել թուրքական զորքերին ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է ոչինչ չտեսնելու, ունակ կադրերին անտեսելու քաղաքականություն․ «Ազգային օրակարգ» կուսակցություն «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը՝ պահանջելով, որ եկեղեցիներում ծեսեր անեն Հնարավոր է ՄԻԵԴ-ի կողմից պահանջվի ՍԴ դատավորներին սեղմ ժամկետում վերականգնել պաշտոններում․ Գոհար Մելոյան Փաշինյանական ռեժիմի գոյության ամեն օրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. նոր նշանակում «Հրապարակ». Էմոցիոնալ ազգ ենք՝ ճարպիկների գցած խայծերը կուլ տվող և կեղծ օրակարգերի շուրջ համախմբվող «Իրավունք». «Տարվա քավոր» Վահե Ղալումյանը գաղտնի շրջում է` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն դնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan