Աշոտ Մարգարյան. «Արցախը հնարավորությունների երկիր է»

«Մեր արտադրության մեջ հիմնական խնդիրը ապրանքի սպառումն ու նոր շուկաների ընդլայնումն է», պատասխանելով արտադրության կազմակերպման ընթացքում հանդիպող հիմնական խոչընդոտների մասին հարցին' ասում է «Woodpeckers» (Փայտփորիկներ) ծրագրի հիմնադիր Աշոտ Մարգարյանը: Վերջինս Լոնդոնի համալասարանական քոլեջի շրջանավարտ է և ներկայումս բնակվում է Արցախում:
Ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ փայտե խաղալիքների պատրաստմանը մասնակցում են նաեւ երեխաները' հանդիսանալով ծրագրի ստեղծագործական մասի հիմնական ուղղորդիչները:
Ըստ Աշոտի, Արցախում որեւէ ծրագիր կյանքի կոչելուց առաջ նախ պետք է շուկայական հետազոտություն իրականացնել, գնահատել պահանջարկի մակարդակը, ծանոթ լինել արտահանման պահանջներին, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչպես պետք է կազմակերպվի արտահանումը դեպի հայկական սփյուռք եւ ընդհանրապես արտերկիր:
«Արցախը հնարավորությունների երկիր է բոլոր տեսակի փոքր եւ միջին բիզնես նախաձեռնությունների զարգացման համար: Առաջին հերթին պետք է ուսումնասիրել տեղի պահանջարկը, հասկանալ, թե մարդիկ ինչի կարիք ունեն, հետո հասկանալ, թե ինչ կարող է աշխարհին տալ Արցախը: Այդ հետազոտության ու տնտեսագիտական վերլուծության հիման վրա արդեն կարելի է ներդրում կատարել ու նախաձեռնել արտադրություն»:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը, այժմ փոքրածավալ քանակով պատրաստվում են խաղալիքներ, փայտե իրեր ' պարզելու համար պահանջարկի ծավալը:
«Հետազոտությունն իրականացվում է Արցախում, ուսումնասիրվում է արտահանման պահանջարկը թե´ դեպի ՀՀ, թե´ դեպի արտերկիր: Մենք ուսումնասիրում ենք օնլայն տարբերակով վաճառքի հնարավորությունները, փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել ինտերնետ հարթակը արցախյան արտադրանքը բրենդավորելու եւ ճանաչելի դարձնելու համար»:
Աշոտ Մարգարյանը տեղեկացրեց նաեւ, որ ապրանքատեսականին պատրաստվում է ոչ թե առաջնային հումքի հիման վրա, այլ փայտանյութի մնացորդներից, եւ դա էկոլոգիական տեսանկյունից առավել ընդունելի է:
«Փայտփորիկներ» կազմակերպությունը կարեւորում է իր արտադրանքի հասանելիությունն անգամ նրանց համար, ովքեր ի վիճակի չեն գնելու այն:
«Արդեն կազմակերպել ենք խաղալիքների նվիրատվություն Ստեփականերտի ինտերնատին: Հաջորդ նվիրատվությունը կլինի Քաշաթաղի շրջանի մանկատանը: Մենք հնարավորություն կընձեռենք բոլոր քաղաքացիներին մասնակցելու արտադրության գործընթացին. օրինակ, եթե քաղաքացին ցանկություն ունի ձեռք բերելու որեւէ տեսականի, եւ վճարունակ չէ,կարող է մասնակցել պատրաստման գործընթացին և ստանալ մեկ պարկ խաղալիք որպես վարձատրություն: Այս ակցիայի նպատակն է արտադրանքը հասանելի դարձնել բոլորի համար»:
Ըստ մեր զրուցակցի, բացի նյութական սպառումը, խաղալիքների արտադրությունը նաեւ քաղաքական նպատակ ունի:
«Մենք նպատակ ունենք արցախյան տեղանունները հասանելի դարձնելու աշխարհին եւ առաջին հերթին' սփյուռքի մեր հայությանը: Փոխարեն Լաչին եւ նմանատիպ այլ ոչ հայկական անունների, ավելի գործածական պետք է դառնան հայկական տեղանունները-Քաշաթաղ եւ այլն: Մենք նաեւ շատ ենք կարեւորում գյուղերի բրենդավորումը, եւ որոշել ենք խաղալիքների ամբողջ տեսականին անվանել Արցախի տեղանուններով: Հիմա պատրաստում ենք «Մեծ շեն» կոնստրուկտորները, որոնք երեխաները կարող են օգտագործել զանազան փայտե շինություններ կառուցելու համար», -ամփոփեց մեր զրուցակիցը:
Տեղեկացնենք, որ «Woodpeckers»-ի պատրաստած խաղալիքները կարելի է գտնել ֆեյսբուքյան էջի, ինտերնետ կայքի միջոցով:
Թամարա Գրիգորյան