Քարվաճառի մշակույթի կենտրոնը մասնագետների կարիք ունի

Արցախի Քարվաճառ քաղաքի Մշակույթի եւ երիտասարդության կենտրոնը գործում է 2011 թվականից: Այժմ այն ունի 16 աշխատակից: Ինչպես Times.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Մարինե Սողոմոնյանը, իրենք մասնագետների կարիք ունեն:
«Երաժիշտների կարիք ունենք, ժողգործիքների խումբը համալրելու խնդիր ունենք: Մասնագետներ հրավիրելն էլ պայմանավորված է բնակարանի առկայությամբ: Մասնագետ գտնելը հեշտ է, ցանկացողներ կան, սակայն պետք է բնակարան լինի, գոնե հանրակացարան, որ կարողանանք նրանց հրավիրել: Եթե ապրելու տեղն ապահովվի, նախարարությունը հաստիքներ կտրամադրի: Սակայն եթե հիմա հաստիքի պահանջ ներկայացնենք, մասնագետը գա, որտե՞ղ նրանց տեղավորեմ: Հնարավորություն չունենք: Իսկ մասնագետ հրավիրելու առաջին պայմանը նրան բնակարանով ապահովելն է», նշեց տնօրենը:
Կենտրոնում գործում է պարի խմբակ, քանոնի խմբակ եւ ժողգործիքների խումբ: Ինչպես հավաստիացրեց տնօրենը, մշակույթի կենտրոնը շուտով երգչախումբ էլ կունենա: Աշակերտների ընդհանուր թիվը 8-ն է: «Բոլոր խմբակներում հաճախում են նույն աշակերտները: Մեկ գալիս, մեկ թողնում են պարապունքները: Ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են, հետո միգուցե նորից վերականգնվում են: Էստեղ էդպես է», ասում է տիկին Սողոմոնյանը:
Կենտրոնի սաները մասնակցում են տարբեր միջոցառումների հիմնականում Ստեփանակերտում: «Վերջին ծրագիրը, որին մասնակցել ենք, պարի փառատոնն էր Ստեփանակերտում, եւ ստացել ենք պատվոգիր ակտիվ մասնակցության համար: Դեկտեմբերին մեր ժողգործիքների խումբը կմասնակցի Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգին, կրկին Ստեփանակերտում: Քարվաճառում հիմնականում նշում ենք տոները, հիշարժան օրերը: Նոյեմբերին աշնանը նվիրված փոքրիկ միջոցառում կլինի, 30-40 րոպեանոց: Դեկտեմբերի 10-ին, Սահմանադրության օրը, կունենանք դասախոսություն: Իսկ դեկտեմբերի 15-ին շրջանի ակումբավարները կներկայացնեն իրենց 15 րոպեանոց համերգային ծրագրերը»:
Ծրագրերը ներկայացնելու հետ մեկտեղ կենտրոնի տնօրենը փաստում է, որ մշակութային միջոցառումների հանդեպ հետաքրքրվածությունը Քարվաճառում շատ ցածր են: «Մարդիկ չեն գալիս, չեն դիտում: Մշակույթն այստեղ քնած է: Դրա պատճառներից է բնակչության փոքր թիվը: Մենք միջոցառումները նշանակում ենք հիմնականում ցերեկվա ժամերին, այդ ժամին մարդիկ գործի են լինում, իսկ եթե երեկոյան նշանակենք միջոցառումները, առհասարակ ոչ ոք չի գա, քանի որ մարդիկ գործից հետո տուն են գնում, այգի են մշակում, կենդանիներին խնամում, զբաղվում են իրենց տնտեսությամբ: Մեր հիմնական հանդիսատեսն ապահովում է դպրոցը», ասում է տնօրենն ու ավելացնում' իրենց էլ մեղադրելու չի, մարդիկ շատ զբաղված են:
Թամարա Գրիգորյան