Անկեղծ ասեք` ինչու՞ եք անտեսում Քարվաճառը

Մոտավորապես քսան օր է, որ բնակվում ենք Քարվաճառում:
«Թամար, իսկ ձեզ տուն, հող տվե՞լ են: -Չէ, տուն չեն էլ տալու, հողի համար դիմում ենք գրել, երեւի կտան: -Բա տան համար ի՞նչ եք անելու…դե որ տուն լիներ, ես էլ էի մտածում էդ կողմերը արժե գալ», գրում է ընկերներիցս մեկը:
Իհարկե, արժե գալ էս կողմերը: Ոչ միայն արժե, այլեւ պետք է, ոչ միայն արժե, այլեւ անհրաժեշտ է…
Քարվաճառի կարեւորությունն ու դրա բնակեցման անհրաժեշտությունը հասկանալով` մեր նորաստեղծ ընտանիքը տեղափոխվեց այստեղ: Երկար ժամանակ պետք չէր հասկանալու համար, որ նոր եկող մարդկանց այստեղ չեն սպասում: Դա առաջին հերթին արտահայտվում է նրանով, որ այստեղ բնակելի տներ առհասարակ չեն կառուցվում: Այսինքն, եթե մարդը ցանկանում է գալ եւ ապրել Քարվաճառում ու որեւէ ծանոթ չունի, նա տառացիորեն կմնա դրսում: Մենք այժմ մեր ընկերոջ տանն ենք բնակվում, բայց դա ըստ էության հարցի լուծում չի: Քարվաճառ տեղափոխվելիս մենք տեղյակ էինք, որ բնակարան չենք ստանալու, բայց անկախ ամեն ինչից, ցանկացած պարագայում պիտի մնանք այստեղ ու պիտի ստեղծենք մեր օջախը Քարվաճառում, լինի դա մեր ուժերով, թե պետության օժանդակությամբ, երբ վերջինս վերսկսի բնակարաշինությունը: Եւ մի օր մեր տունն էլ կընդունի նոր ընտանիքների, ովքեր կցանկանան ապրել Քարվաճառում:
Քաղաքի միակ բնակելի շենքում նորեկների համար բնակարաններ չկան: Շենքի բնակարանների մեծամասնությունը զբաղեցնում են պաշտոնյաներ, ովքեր ժամանակավոր են Քարվաճառում եւ ապրում են այստեղ առանց ընտանիքի, իսկ հատուկենտ ազատ բնակարաններն էլ պահվում են անորոշ ապագայում քաղաք ժամանելիք որոշակի մասնագետների համար: Քաղաքում առկա են նաեւ մի քանի ազատ տներ, որոնք գործող կարգի խախտմամբ դատարկ են պահվում:
Բնակարաշինության հնգամյա փաստացի դադարեցումն արդեն առաջին խոսուն փաստն է առ այն, որ վերաբնակեցում տարածքում ուղղակի գոյություն չունի: Դեռ ավելին, այստեղ մեծացած երիտասարդն էլ, բախվելով բնակարանի խնդրին, թերեւս կարող է ընտրել տարածքը թողնելու ճանապարհը:
Համաձայն եմ, քաղաքում անհնար է չնկատել գեղեցիկ նորակառույց մարզադպրոցն ու դպրոցը, որոնք կառուցվել են պետական նախաձեռնության եւ այլեւայլ ֆինանսական աղբյուրների միջոցներով: Բոլորս երախտագետ ենք դպրոցի գեղեցիկ շենքի համար, որտեղ իսկապես հաճելի է սովորելն ու աշխատելը, սակայն այդպիսի օժանդակ հաստատությունների կառուցումն անկարեւոր է դառնում այն պարագայում, երբ տարածքի բնակչության թիվը տարիների ընթացքում չի աճում, երբ այդ կառույցների առկայությունը չի նպաստում բնակչության թվի մեծացմանը:
Քարվաճառում ոչ միայն նոր մարդկանց ընդունելու համար պայման չկա, այլեւ շատ հարցերում անտեսված են տեղի բնակիչները:
Վերջերս զրուցում եմ հարեւաններից մեկի հետ: Ասում է, որ իրենք տունը վերանորոգելիս նաեւ կոյուղի են անցկացրել: «Դուք կոյուղի ունե՞ք, հոյակապ է», անկեղծ ուրախանում եմ ես ու մի պահ կանգ առնում այդ մտքի վրա. ընդամենը երկու շաբաթ առաջ ես ապրում էի Երեւանում, ու երբեք չեմ մտածել կոյուղու մասին, դրա լինել կամ չլինելու մասին, դա տարրական պայմաններից է, որ սովորաբար լինում է քաղաքներում: Իսկ հիմա, երկու շաբաթ ապրելով Քարվաճառում, անկեղծ ուրախանում ու զարմանում եմ, որ ինչ-որ մեկն այստեղ կոյուղի ունի:
Քաղաքում չկա աղբահանություն, չկա կոյուղի, ջրագծերի վերանորոգումը կիսատ մնաց, ու ոչ ոք չմտածեց հսկայական այդ փոսերը ձմռանն ընդառաջ փակել` աշխատանքը կիսատ թողնելուց ու հեռանալուց առաջ, քաղաքի գլխավոր փողոցով ամբողջ տարին ջուր հոսում, ճանապարհներն ու տրանսպորտն այդքան անմխիթար վիճակում են, համացանցն այնքան վատ վիճակում է, որ միայն համացանցով աշխատող մարդիկ կանգնած են գործազրկության վտանգի առաջ: Եւ էլ ինչու՞ այսքանից հետո հայտարարել, թե վերաբնակեցումն առաջնահերթ խնդիր է:
Կա որեւէ հստակ պատասխան, թե ինչու՞ է Քարվաճառն այսքան անտեսված ու արհամարհված պետության կողմից: Որեւէ մեկը կարո՞ղ է առանց սարուձոր ընկնելու, առանց ծամծմելու, հարցը փոխելու, ուղիղ ու հստակ պատասխանել, թե ինչու՞ Քարվաճառի վրա որեւէ ուշադրություն չի դարձվում: Պետք է լինի, չէ՞, հստակ պատասխան այս հետեւողական անտարբերության համար:
Իսկ Քարվաճառի կարեւորության մասին ես չէ, որ պետք է հիշեցնեմ կամ բացատրեմ: Բայց մի ասացվածք կարող եմ հիշեցնել. հողը նրանն է, ով այնտեղ ապրում է: Հնարավոր չի անմարդկային պայմաններում մեծ թվով բնակչություն ունենալ ու զարգացում արձանագրել:
Թամարա Գրիգորյան