Քարվաճառի դպրոցում հնչեց առաջին զանգը

Այսօր, սեպտեմբերի 1-ին, ինչպես Արցախի բոլոր դպրոցներում, Քարվաճառ քաղաքի միջնակարգ դպրոցում եւս հնչեց առաջին զանգը:
Այս տարի Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 13 առաջին դասարանցի, իսկ 18 երեխա կհաճախեն դպրոցի նախապատրաստական դասարան:
Դպրոցի տնօրեն Արեգնազան Ղուկասյանն իր ողջույնի խոսքում նախ շնորհավորեց բոլորին Գիտելիքի օրվա կապակցությամբ ու հաջողություն մաղթեց նոր ուսումնական տարում:
«Կյանքի բոլոր ոլորտներում անհրաժեշտ հիմնական գիտելիքը մենք ձեռք ենք բերում հենց դպրոցում», նշեց նա ու կոչ արեց ներկա ծնողներին խստորեն հետեւել երեխաների կարգապահությանը:
Ներկաներին ողջունեց նաեւ ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժնի վարիչ Խորեն Վարդանյանը:
Նա եւս շնորհավորեց ուսուցիչներին ու աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ ու հաջողություն մաղթեց:
«Սիրելի աշակերտներ, ամեն ինչ կախված է ձեզանից: Եթե դուք ցանկանաք լավ սովորել, մենք ամեն ինչ կանենք, որ դուք լավ արդյունքի հասնեք, իսկ եթե ցանկանություն չլինի, մեր բոլոր ջանքերն իզուր կլինեն», ընդծեց շրջանի կրթության բաժնի վարիչը:
Նա նաեւ շնորհավորեց բոլոր ներկաներին վաղվա տոնի' Արցախի անկախության օրվա կապակցությամբ ու ընդգծեց, որ հենց այսօրվա դպրոցականներն են վաղվա օրվա տերը եւ նրանցից է կախված մեր անկախ պետության հետագա զարգացման ընթացքը:
Ուսուցիչներին ու աշակերտներին ողջունելու էր եկել նաեւ ՊՆ զորամասի շտաբի պետ Տիգրան Գեւորգյանը: Նա իր խոսքում կարեւորեց բանակ-հասարակություն կապի ամրապնդումն ու հավաստիացրեց Քարվաճառի բնակիչներին, որ այսօր հայ զինվորն ապահովում է իր քաղաքացիների անվտանգությունը: «Մենք այսօր հիանալի սերունդ ունենք, եւ վերջին սահմանային դեպքերն էլ դա ապացուցեցին: Քանի դեռ մեր զինվորները դիրքերում են, դուք կարող եք հանգիստ քնել, մեր երեխաները խաղաղ երկնքի տակ կգնան առաջին դասարան», հավաստիացրեց զինվորականը:
Այնուհետեւ առաջին դասարանցիներին հանձնվեցին նվերներ: Նրանք գրենական պիտույքներ ստացան Երկրապահ Կամավորական Միության կողմից, ինչպես նաեւ յուրաքանչյուր առաջին դասարանցու ընտանիքի կառավարության կողմից տրամադրվեց դրամական օժանդակություն:
Նախապատրաստական դասարանի սաները նվերներ ստացան Քարվաճառի բնակիչ, անհատ ձեռներեց Ռուբիկ Ենոքյանի կողմից:
Ըստ նախնական տվյալների, այս ուսումնական տարում Քարվաճառի միջնակարգ դպրոցը կունենա 130 աշակերտ:
Նշենք, որ Քարվաճառի ներկայիս դպրոցի շենքը շահագործման է հանձնվել 2011-ին:
Թամարա Գրիգորյան