Նոր Մանաշիդի դպրոցի տնօրեն. «Համոզել պետք չի, էստեղ համոզելով չեն ապրի, սեփական օրինակով է պետք ցույց տալ»

Եթե Քարվաճառի շրջանի Նոր Մանաշիդ գյուղի դպրոցի հյուրն եք, ապա ձեզ անպայման կդիմավորի դպրոցի տնօրեն Ռուզան Հարությունյանը: Նրա մեծ սերը դպրոցի ու գյուղի հանդեպ միանգամից ակնհայտ է դառնում, երբ նա սկսում է ծանոթացնել դպրոցին ու պատմել առօրյայից: Ռուզանը Մանաշիդում է 2006 թվականից:
«Միշտ իմ երազանքն է եղել գնալ մի կորած-մոլորած գյուղ ու իմ ներդրումն ունենալ տեղի զարգացման համար: Միգուցե դա էլ իմ հայրենասիրությունն է, իմ առաջին քայլը», պատմում է նա:
Իսկ Նոր Մանաշիդի դպրոցի զարգացման մեջ նրա ունեցած ներդրումն, ըստ դպրոցի ուսուցիչների, իսկապես նշանակալի է: «Դպրոցը չի կարելի համեմատել 2006-ի հետ: Աշակերտների թիվն ավելացել է, ուսուցիչների թիվը շատ մեծացել է: Հենց ընկեր Հարությունյանի գլխավորությամբ ու շնորհիվ ամեն ինչ փոխվեց, դպրոցը դպրոցի նմանվեց: Այժմ ռեժիմ կա, չափորոշչային բոլոր պայմանների համեմատ ենք քայլում», պատմում է դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լիանա Նարիմանյանը:
Նրանից գոհ են բոլորը, ինքը գոհ է իր ուսուցիչներից ու մեծ հաճույքով է աշխատում: Դպրոցը նրա տունն է, աշխատանքը, աշխարհն ու ջանքերի արդյունքը: Ու թեեւ դպրոցում ամեն քայլափոխի տեխնիկական բնույթի խնդիրներ են, բողոքելն այս մարդուն հատուկ չէ: «Բողոքելով բան չի փոխվում: Մենք ինքներս էլ պիտի մեր վրա հույս դնենք, քանի որ եթե բողոքենք ու ոչ մի բան չանենք, ոչ մի տեղաշարժ չի լինի», համոզված է նա:
Նոր Մանաշիդ գյուղում ապրելու մեջ Ռուզանը շատ առավելություններ է տեսնում: «Այսպիսի վայրերում մարդ-անհատն ավելի լավ է կայանում, իսկ մեծ քաղաքներում ամբոխի մեջ կորչելը հեշտ է: Գիտես, սա ուժեղ մարդկանց տեղ է, թույլ մարդն այստեղ ապրել չի կարող: Իսկ մեր գյուղը նման է լեգոյի, որտեղ ամեն մի բնակիչ ունի իր կարեւոր տեղն ու ամբողջացնում է մեծ պատկերը: Մեր գյուղում վատ մարդ չկա, Աստված բոլոր լավ մարդկանց հավաքել է էստեղ», ժպտում է նա:
Չնայած գյուղում մի քանի ուսուցչի խիստ կարիք կա, սակայն դպրոցի տնօրենը ոչ ոքի չի համոզում գյուղ գալ: «Համոզել պետք չի, էստեղ համոզելով չեն ապրի, սեփական օրինակով է պետք ցույց տալ, սեփական կյանքով», ասում է նա ու շրջապատին վարակում իր լավատեսությամբ ու Նոր Մանաշիդի նման բարձր ու մեծ հայրենասիրությամբ:
Ռուզանի արած աշխատանքի լավագույն արդյունքը նրա կայացրած դպրոցն է, որը մի հայաշունչ կրթական օջախ է` այդքան անհրաժեշտ սարերի մեջ կորած փոքրիկ այս համայնքի բնակիչների համար…
Թամարա Գրիգորյան