Նոր Մանաշիդ գյուղի դպրոցում. հաճելի կրթական օջախ` սարերի մեջ կորած գյուղում (լուսանկարներ)

Նոր Մանաշիդ գյուղի դպրոցը հիմնադրվել է 2004 թվականին: Հիմնադրման ժամանակ դպրոցում եղել է երկու ուսուցիչ եւ չորս աշակերտ: Այսօր դպրոց է հաճախում 26 աշակերտ, աշխատում են 12 ուսուցիչ եւ 5 տեխնկական աշխատող:
Դպրոցում կան առանձին եւ կոմպլեկտ դասարաններ: «Առաջին դասարանն առանձին է, երկրորդ-երրորդը` կոմպլեկտ դասարաններ են, չորրորդ դասարանն առանձին, հինգերորդն ու վեցերորդը` կոմպլեկտ, յոթերորդ ու տասնմեկերորդ դասարաններ չունենք, մնացած դասարանները կան», մեր հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրեն Ռուզան Հարությունյանը: Նա գյուղ է տեղափոխվել 2007 թվականից: Դպրոցի ուսուցիչների հավաստիացմամբ` դպրոցում առաջընթացն ակնհայտ է. տնօրենի գալը դպրոցում մեծապես փոխել է ամեն ինչ:
«Բոլորն էլ դպրոցում ցանկանում են մի բան ավելացնեն», ասում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լ Նարիմանյանն ու ավելացնում. «Պատկերացրեք` եթե մի քանի հատ էլ սենյակներ ավելանան, աշխատանքն ավելի կհեշտանան: Մենք պիտի կայացնենք մեր դպրոցը», նշում է լավատես ուսուցչուհին:
Մաթեմատիկայի ուսուցիչ Վարդանյան Դավիթը սկզբից միտք չի ունեցել Մանաշիդ տեղափոխվելու, բայց երբ մի օր եկել ու տեսել է գյուղը, դպրոցը, որոշել է, որ հենց էստեղ էլ պիտի աշխատի: «Երբ տեսա դպրոցի դրվածքը, հասկացա, որ այստեղ կրթական համակարգն ավելի ճիշտ է ներդրված, եւ գերադասեցի մնալ այստեղ», պատմում է նա:
Չնայած ուսուցիչների ու տնօրենի ներդրած բոլոր ջանքերն, դպրոցում խնդիրերը դեռեւս անպակաս են: Դպրոցն առհասարակ չունի օտար լեզվի մասնագետ, ինչպես նաեւ անհրաժեշտ են ֆիզիկայի եւ ռուսաց լեզվի ուսուցիչներ:
«Դասարանները քիչ են, շենքը փոքր է, երեխաներն ստիպված երկու հերթով են դպրոց գալիս, տնօրենի կաբինետը եւս դասարան ենք դարձրել: Գրադարանը, տնօրենի կաբինետը, ուսուցչանոցը մի սենյակում են: Դպրոցը մարզադաշտ չունի, մարզագույք չկա, համակարգիչներ չկան: Սպորտհրապակում եղած բոլոր պիտույքները ուսուցիչների ուժերով է տեղադրվել, իրենց սեփական գումարով: Իսկ ձմռանը ֆիզկուլտուրան շախմատն ու շաշկին են», պատմում են ուսուցիչները: Գրադարանը կարիք ունի հայ դասական հեղինակների: Նշենք նաեւ, որ գրքահավաքների շնորհիվ Նոր Մանաշիդի դպրոցը վերջերս համալրվել է գրականությամբ:
Դպրոցը դեռեւս շրջանավարտ չի ունեցել: Ուսուցիչները համոզված են, որ կան աշակերտներ, ովքեր շատ լավ են սովորում եւ դպրոցն ավարտելուց հետո հաստատ բուհ կդիմեն: Այս տարի 12-րդ դասարանում սովորում են երկու աշակերտներ, իսկ հաջորդ տարի դպրոց կհաճախի չորս առաջին դասարանցի: Ինչպես կատակում են ուսուցիչները, դպրոցի աշակերտների թիվն ապահովում են գյուղի երեք-չորս բազմազավակ ընտանիքները:
Նոր Մանաշիդի դպրոցում մթնոլորտը մտերմիկ էր ու ջերմ. տպավորություն էր, թե մի ընտանիք ես մտել: Գյուղում մարդիկ լավատես են ու կարծես թե չեն էլ բողոքում. հույսն իրենց վրա են դրել: Իսկ երբ մեկն էլ դրսից հետաքրքվում է իրենցով, կամ էլ առավել եւս գիրք է ուղարկում, նրանք շատ շնորհակալ են լինում:
Թամարա Գրիգորյան